Առողջ կակտուսը, որ ունի իր կյանքի բնականոն ցիկլը (մանրամասն նախորդ հոդվածում), երկար կյանք է ապրում։ Հաշվի առնելով կակտուսների բազմազանությունը չենք կարող կյանքի միջին տևողություն սահմանել, բայց որոշ տեսակներ ապրում են 10 տարի, իսկ ուրիշները 100 տարուց ավել։
Բնական մահից բացի կակտուսի կյանքը կարող են կրճատել մի շարք այլ գործոններ ևս՝ արմատների շուրջ խոնավության ավելցուկը կամ չափից դուրս չորությունը, չափազանց խոր տնկելը, ցածր ջերմաստիճանը և սնկային պաթոգենները և այլն։
Ի՞նչ տեսք ունի մահացող կակտուսը
Կախված նրանից, թե ինչ է կակտուսի մահանալու պատճառը, նշանները կարող են տարբեր լինել։ Այն պարագայում, երբ կակտուսը ունի տերև կամ տերևանման ելուններ, նրանք ճմրթվում են, կախվում։ Երբեմն կակտուսը թոշնած կամ կնճռոտ տեսք է ստանում անգամ երբ կայուն ջրում եք։ Որոշ դեպքերում կակտուսի վրա սև, մոխրագույն կամ սպիտակած հատվածներ են առաջանում։ Սրանք այն ազդանծաններն են, որ կակտուսը ձեր ուշադրության կարիքն ունի։
Ինչպե՞ս իմանալ, որ կակտուսը փտում է
Կակտուսի մարմնի ոչ բոլոր փոփոխություններն են փտելու նշան։ Կակտուսի մարմնի փայտացումը կամ պնդանալը ավելի շուտ ծերանալու նշան է, քան փտելու։ Կակտուսը կարող է փտել, երբ վարակվում է սնկային հիվանդությամբ կամ մակաբույծների առկայությունից։ Ի նկատի ունեցեք կակտուսի տարիքը, չափերը, վնասված հատվածը, խնամքի ճշգրիտ լինելը նախքան կախտորոշեք կակտուսի փտելու մասին։ Փտած լինելու պարագայում խորհուրդ է տրվում հեռացնել տվյալ հատվածը։
Ինչո՞ւ է կակտուսը գունաթափվում
Կակտուսի գունափոխվելը ևս փտելու նշան է, որը իր հերթին, ինչպես նշվեց պայմանավորված է կակտուսի բորբոսնելով, վարակով կամ կակտուսի մարմնի բաց հատվածից (վերքից) ջրի ներթափանցմամբ։ Նշվածներից որևէ մեկի առկայության պարագայում կակտուսին օգնություն է պետք։
Ինչպե՞ս մահացած կակտուսին վերակենդանացնել։
Կարճ պատասխանը կլինի թույլ չտալ կակտուսին մահանալ, քան փորձել մահացածին վերակենդանացնել։
Սովորաբար, երբ խնդիրը հասել է կակտուսի արմատին այն կհասցնի կակտուսի դանդաղ մահվան, իսկ եթե դեռ մարմնի վրա է հնարավորություն կա նրան փրկելու։ Երբ արդեն նկատել եք հիվանդության ախտանշաններ և հասկացել եք հիվանդության պատճառը, անհրաժեշտ է արձագանքել դրանց։
Կանխարգելող միջոցներ և խնամքի տարբերակներ
- Որպեսզի խուսափեք կակտուսի սնկային վարակումից փորձեք ջրելիս չթրջել մարմինը։
- Առավել ուշադիր եղեք կակտուսի մարմնի վերքերին, խուսափեք այնտեղ ջրի ներթափանցումից։
- Հետևեք հողի կայուն օդափոխանակությանը, ջրի հոսքին․ փխրացրեք հողը, օգտագործեք կակտուսի համար նախատեսված հողի խառուրդ, ծաղկամանի վրա անցքեր ունեցեք, ջրեք այնպես, որ այն հասնի արմատներին, ու խուսափեք հողի մշտապես խոնավ լինելուց։
- Մակաբույծների կամ այլ վարակի առկայության դեպքում հանեք կակտուսին հողից լվացեք այն, տեղադրեք նոր հողում։
- Վնասված հատվածների դեպքում, հեռացրեք տվյալ հատվածը և ապահովեք ստերիլ միջավայր վերքի համար։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ կայքէջով կամ սոցիալական էջերով (instagram, facebook):
Առողջություն ձեզ և ձեր կակտուսներին։
Լեմբ
Իսկ երբ ճլորում է՞ ինչպես վերականգնենք
Cactus EVN
Շնորհակալություն հարցի համար։ Այս հարցին միանշանակ պատասխանը չկա․ պետք է նախ հասկանաք ինչից է, որ սկսել է ճլորել բույսը։ Ամենից տարածված պատճառներից կարող են լինել չափից շատ կամ քիչ ջրելը, չափազանց շատ արևը, ջերմությունը։ Թվարկվածներից բացի հնարավոր է, որ հիվանդացել է մակաբույծներով։ Ամեն պարագայում կառաջարկեմ զգուշորեն տեղափոխեք կակտուսին, նոր հողի մեջ ու ջրելու պարբերականություն սահմանեք, օրինակ 2 օրը մեկ, արևից անմիջական ճառագայքների տակ մի թողեք։ Հետո մի շաբաթից տեսնեք, թե ինչ արդյունք տվեց այս խնամքը։ Խորհուրդ կտամ կարդաք մեր առաջին հոդվածը կակտուսի խնամքի մասին՝ https://cactusevn.am/hy/2020/04/23/%d5%af%d5%a1%d5%af%d5%bf%d5%b8%d6%82%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ad%d5%b6%d5%a1%d5%b4%d6%84/
Կարող եք ուղարկել Ձեր կակտուսի նկարը ու գրել մեզ ինստագամով հետագա ընթացքի համար։